Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը, հանդիսանալով 1993 թվականին կազմավորված
«Բյուրեղավանի առողջության կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության, այնուհետ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության
իրավահաջորդը, որն էլ Բյուրեղավանի քաղաքային համայնքի ավագանու 2016թ. նոյեմբերի 21-ի № 99-Ա որոշումով անվանակոչվեց Բյուրեղավան քաղաքի պատվավոր քաղաքացի, բժիշկ Անդրանիկ Պետրոսյանի անվամբ,
այսօր հանրությանը ներկայանում է նորովի և փորձում է ու ձգտում քայլել ժամանակին համընթաց:
Պոլիկլինիկան տեղակայված է Բյուրեղավանի նախկին ծննդատան եռահարկ շենքում, որը վերանորոգվել է քաղաքապետարանի կողմից 2009-2010թ.թ.: Պոլիկլինիկան լիցենզավորված է Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարության կողմից, գործում են մեկ մանկաբուժական, չորս ընտանեկան բժշկության ծառայություններ, կանանց կոնսուլտացիա, իմունոկանխարգելման կաբինետ, նեղ մասնագիտական՝ վիրաբույժ,
ակնաբույժ, սրտաբան, քիթ-կոկորդ-ականջաբան, նյարդաբան, և դիսպանսերային կաբինետներ՝ մաշկավեներաբան, ներզատաբան, ինֆեկցիոնիստ, ինչպես նաև շտապ օգնության շուրջօրյա ծառայություն: Պոլիկլինիկան
իրականացնում է Բյուրեղավան քաղաքի հիմնական և ավագ դպրոցների բուժապահովումը: Իր կազմում ունի մեկ ԲՄԿ: Սպասարկում է համայնքի շուրջ 13.000 բնակչի: Բնակչությանը մատուցվում են ատամնաբույժի
ծառայություններ, լաբորատոր հետազոտություններից կատարվում են կլինիկական, կենսաքիմիական, սեռոլոգիական հետազոտություններ, գործիքային ախտորոշիչ հետազոտություններից՝ ԷՍԳ (էլեկտրասրտագրություն),
ՈՒՁՀ (ուլտրաձայնային հետազոտություն): Բնակչությանը մատուցվում են նաև վճարովի ծառայություններ ըստ սահմանված իրավական նորմերի:
«Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունն ունի պրոֆեսիոնալ, երկարատև աշխատանքային փորձով բուժանձնակազմ, ակտիվ փոխհամագործակցում է
մարզային բուժհաստատությունների հետ, մասնագետները մասնակցում են կազմակերպվող սեմինարներին, գիտաժողովներին:
Ձեր առողջության պահպանումը մեր գերակա խնդիրն է, ու մենք պատասխանատու ենք Ձեր առողջության համար՝ յուրաքանչյուրիդ համար առանձին ու բոլորիդ համար՝ ընդհանուր: Սա մեծագույն պատիվ ու պարտավորություն
է մեզ համար: Ձեզանից յուրաքանչյուրի առողջությունը թանկ է, ուստի կոչ ենք անում չանտեսել առողջական խնդիրները: Մենք մեր հերթին ամեն ինչ կանենք՝ շահելու Ձեր վստահությունը, ապահովելու բուժօգնության մատչելիությունն
ու արդյունավետությունը, ծառայելու Ձեզ՝ Աստուծո զավակներիդ, որի համար փառք Ամենասուրբ Երրորդությանը այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: