ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարը կրում է համընդհանուր բնույթ, այն բոլորիցս պահանջում է ջանքերի գերլարում, քաղաքացիական բարձր ինքնագիտակցություն և պատասխանատվության մեծ զգացում։ Այս պայքարին առողջապահության նախարարության միջնորդությամբ իր աջակցությունն է առաջարկել նաև «Ամբրա» ՀԿ-ի ղեկավար Լիլիթ Բաղդասարյանը։ Ձեզ ենք ներկայացնում ՀՀ առողջապահության նախարար պարոն Ա.Թորոսյանին ուղղված «Ամբրա» ՀԿ-ի ղեկավար Լիլիթ Բաղդասարյանի նամակն ամբողջությամբ՝ Covid 19 ախտորոշված քաղաքացիների համար հոգեկան առողջության ոլորտում անվճար հոգեբանական խորհրդատվություն իրականացնելու վերաբերյալ։

«Հարգելի պարոն Թորոսյան,

Կորոնավիրուսի համաճարակի առաջընթացով պայմանավորված, երբ արդեն շատ հիվանդներ բուժօգնությունը ստանում են նաև տնային պայմաններում, բազմաթիվ գործոններով պայմանավորված, նրանք կարող են ունենալ հոգեբանական աջակցության կարիք։ Նման իրավիճակում «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն հասարակական կազմակերպությունը (Ամբրա ՀԿ), Հայկական հոգեբուժական ասոցիացիայի (ՀՀԱ) և Հայկական բժկական ասոցիացիաների հետ համատեղ, Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան (ԲՀՀՀ) կազմակերպության աջակցությամբ, հոգեկան առողջության ոլորտում իրականացվող «Կյանքի հավասար պայմաններ բոլորի համար» ծրագրի շրջանակներում պատրաստ են Covid 19 ախտորոշված քաղաքացիների համար անվճար իրականացնել.
• Անհետաձգելի/կարճաժամկետ հոգեկան առողջության աջակցության արագ արձագանքման հեռախոսային ծառայություն. Covid 19 ախտորոշված քաղաքացիները կարող են ամեն օր, ներառյալ հանգստյան օրերը, ժամը 11:00-20:00 զանգահարել 060-834777 հեռախոսահամարով, ստանալ անհետաձգելի անվճար 15-20 րոպեանոց հոգեբանական խորհրդատվություն:
• Ըստ անհրաժեշտության կկազմակերպվի նաև Covid 19 ախտորոշված քաղաքացիների համար անվճար առցանց/օնլայն հոգեբանական օգնություն, նաև խմբային թերապիայի իրականացում։ Գրանցվելու համար քաղաքացիները կարող են զանգահարել 060-834777 հեռախոսահամարով:
Ի աջակցություն Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի և կարևորելով ՀՀ առողջապահության նախարարության (ՀՀ ԱՆ) դերը համաճարակի հակազդման գործում, ակնկալում ենք Ձեր աջակցությունը պետություն (ՀՀ ԱՆ), Հասարակական սեկտոր (Ամբրա ՀԿ, ՀՀԱ, ՀԲԱ) համագործակցության ձևաչափի ձևավորմանը, որի հիմնական շահառուները կլինեն առողջապահության համակարգի աշխատակիցները, ինչպես նաև ընդհանուր բնակչությունը»:
Հարգանքով,
«Ամբրա» ՀԿ-ի ղեկավար Լիլիթ Բաղդասարյան»։
Մեր շատ սիրելի բնակչություն, ժողովուրդ ջան, խնդրում ենք՝ հետևողական լինելով պարետատան կողմից սահմանված ցուցումներին, սատարենք միմյանց և պետությանը՝ հաղթահարելու նաև այս մարտահրավերը։ Առողջ եղեք։
Բյուրեղավանի համայնքապետ Հ.Բալասյան,
«Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրեն Մ.Միքայելյան

24.06.2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը հրավիրում է աշխատանքի շտապ օգնության բժիշկ-մասնագետների՝ շտապ օգնության գծային բրիգադում աշխատելու համար։ Աշխատավարձը գործող նորմատիվներին համապատսխան։ Մանրամասների համար դիմել ք.Բյուրեղավան, 2-րդ փողոց, շենք 2, ներքին հեռախոսահամար՝ 0-222-6-52-49, բջջային հեռախոս՝ 094-55-44-34։

16.06.2020

ԻՐԱԶԵԿՈՒՄ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ

Հարգելի քաղաքացիներ.

Գործողության մեջ է դրվել Հայաստանի առողջապահության նախարարի 2020 թվականի փետրվարի 6-ի «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հղիության պլանավորման նպատակով հետազոտման և խորհրդատվության կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 464 - Լ հրամանը: Հրամանով սահմանված կարգի համաձայն՝ հղիության պլանավորման շրջանում բուժհաստատություն կատարած այցի ընթացքում զույգերի խորհրդատվության տրամադրման ու հետազոտման նպատակն է բարելավել երիտասարդ զույգի առողջությունը, նպաստել վերարտադրողական առողջ վարքագծի հաստատմանը և հղիության ու պտղի զարգացման ռիսկերի նվազեցմանը: Հղիության պլանավորման այցի շրջանակներում պետական պատվերի շրջանակներում երաշխավորված խորհրդատվության և հետազոտման իրավունք ունեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (ՔԿԱԳ) մարմիններում գրանցված զույգերը, որոնց ամուսնության փաստացի գրանցումը կատարվել 2020 թվականի մարտի 6-ից հետո:ՔԿԱԳ մարմիններում ամուսնությունը գրանցած կնոջ և տղամարդու յուրաքանչյուրի հաշվառման առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպությունում պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում այցի հիմք են հանդիսանում ՔԿԱԳ մարմնի կողմից տրամադրված ամուսնության վկայականը՝ ամուսնության փաստը գրանցելուց հետո 3 ամսվա ընթացքում: Հղիության պլանավորման գործընթացի խնդիրն է ամուսնություն և հղիություն պլանավորող երիտասարդ զույգերի մոտ վարքագծային ռիսկի գործոնների և խրոնիկական հիվանդությունների հայտնաբերումը, առկա խնդիրների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը, ինչը հնարավորություն է տալիս ձեռնարկել միջոցառումներ և նվազեցնել ռիսկերը ինչպես մոր, այնպես էլ պտղի հետ կապված նախքան հղիությունը: Հղիության պլանավորման խորհրդատվությունը և հետազոտումը պետք է իրականացվի վերարտադրողականության սկսելուց առաջ: Հղիության պլանավորման այցի նպատակով տղամարդը դիմում է պոլիկլինիկայի իր ընտանեկան բժշկին, ով իրականացնում է խորհրդատվություն առողջ ապրելակերպի, ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնների, սեռավարակների հետևանքների, սեռական կյանքի հիգիենայի և այլ թեմաներով, իսկ հղիության այցի պլանավորման նպատակով կինը ընտանեկան բժշկի միջոցով դիմում է կանանց կոնսուլտացիայի մանկաբարձ-գինեկոլոգին, ով իրականացնում է խորհրդատվություն առողջ ապրելակերպի, ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնների, սեռավարակների հետևանքների, սեռական կյանքի հիգիենայի, մինչհղիության, նախածննդյան խնամքի մասին:Սիրելիներս, խնդրում ենք լինել ուշադիր, դիմել Ձեր ընտանեկան բժշկին՝ վերարտադրողականության սկսելուց առաջ: Մենք սիրով սպասում ենք Ձեզ:
Նաև խնդրում ենք ուշադիր ծանոթանալ «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ»-ին, որը կարող եք բեռնել այստեղից

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ

08.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Սիրելի հայրենակիցներ.

Հայաստանի Հանրապետությունում պատվաստումներ իրականացվել են դեռևս խորհրդային տարիներին, սակայն Իմունականխարգելման ընդարձակ ծրագիրը հաստատվել է 1994թ. Առողջապահության նախարարության կողմից: Հաշվի առնելով իմունականխարգելման բազմոլորտային համագործակցությունը, 2005 թ. նոյեմբերի 21-ին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվեց Իմունականխարգելման առաջին ազգային ծրագիրը, ներկայում գործում է 2016-2020թթ. համար նախատեսված ազգային ծրագիրը՝ հաստատված ՀՀ կառավարության 2017թ. նոյեմբերի 9-ի նիստի N 47 արձանագրային որոշմամբ:
Մեր նպատակն է`
Պատվաստումների միջոցով կանխարգելել, վերահսկել, վերացնել հիվանդությունները, հետևաբար պահպանել հանրային առողջությունը, նվազեցնել մանկական մահացությունը, հաշմանդամությունը:
Մեր արժեքներն են`
Մեր գլխավոր արժեքը հանրության առողջությունն է, որտեղ իրենց ուրույն տեղն ունեն երեխաները:
Երեխաները մեր կյանքի բերկրանքն ու ուրախությունն են: Եվ անշուշտ, յուրաքանչյուր ծնող պատրաստ է անել ամեն ինչ փոքրիկի ուրախ ու առողջ մանկությունն ապահովելու համար: Ներկայում հիվանդությունների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումներն են: Շնորհիվ պատվաստումների՝ Ձեր փոքրիկը լիարժեքորեն կպաշտպանվի մի շարք վարակներից, որոնք կարող են ունենալ անցանկալի բարդություններ և հետևանքներ:Պատվաստումներն առողջապահության հրաշքներից են։ Վերջին երկու տասնամյակում, դրանց շնորհիվ փրկվել է ավելի քան 20 միլիոն կյանք։ Պատվաստումներն ամենաապահով, արդյունավետ և անվտանգ առողջապահական միջամտություններից են, որոնք հնարավոր են այսօր: Երեխային` կյանքի առաջին իսկ օրերից սպառնում են բազմաթիվ փորձություններ, որոնցից առավել վտանգավոր են այն վարակները, որոնք մեր շրջակա միջավայրում են։ Կատարյալ խնամք ապահովելուց բացի, ծնողների և բուժաշխատողների առջև խնդիր է դրված, անել հնարավոր ամեն ինչ երեխաներին այդ վարակներից զերծ պահելու համար։ Ուրախալի է, որ այսօր տարբեր հարթակներում, մասնավորապես սոցիալական ցանցերում ակտիվ քննարկումներ են ծավալվում ինչպես պատվաստումների, այնպես էլ առողջապահական շատ այլ հարցերի շուրջ, սակայն կարևոր է, որ քննարկումները հիմնվեն միայն առողջ տրամաբանության, կառուցողական մոտեցումների վրա և ամենակարևորը` գիտելիքների պակասի հետևանքով չվնասեն երեխայի առողջությունը:

27.03.2020

ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱՑՈՒՅՑՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հարգելի քաղաքացիներ

Ներկայումս ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում, դիտվում է նոր կորոնավիրուսային վարակով (COVID-19) պայմանավորված անբարենպաստ համաճարակային իրավիճակ, որը նպաստում է բնակչության շրջանում անհարկի խուճապի տարածմանը: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ միևնույն ժամանակ աշխարհում դիտվում է նաև որոշ կառավարելի վարակիչ հիվանդությունների առումով լարված համաճարակային իրավիճակ: Մասնավորապես, մի շարք երկրներում, այդ թվում եվրոպական տարածաշրջանում, շարունակվում են կարմրուկի բռնկումները, իսկ Ռուսաստանի դաշնությունում մեկ տարվա ընթացքում կապույտ հազով հիվանդացությունն աճել է 40%-ով: Ելնելով վերոհիշյալից, Բյուրեղավան համայնքում կառավարելի վարակիչ հիվանդությունների առումով կայուն համաճարակային իրավիճակի ապահովման նպատակով, «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա»-ն շարունակում է Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված պատվաստումների իրականացումը՝ միաժամանակ ապահովելով կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված բոլոր միջոցառումների իրականացումը: Հարգելի քաղաքացիներ, խնդրում եմ, ըստ Ձեր բժիշկների կազմակերպչական միջոցառումների՝ հոսքայնությունն ապահովելու և պոլիկլինիկայում կուտակումներից խուսափելու նպատակով, նշված օրերին և ժամերին ներկայանալ պոլիկլինիկա՝ Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված պատվաստումները ժամանակին ստանալու համար:

26.03.2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ն հայտարարում է ընդունելություն հետևյալ թափուր հաստիքների համալրման համար.

1. բժիշկ-մասնագետ՝
1.1 Ընտանեկան բժիշկ – 1.0 դրույք
1.2 Ներզատաբան – 0.25 դրույք
1.3 Վարակաբան – 0.25 դրույք

2. միջին բուժանձնակազմ՝
2.1 Շտապ օգնության բուժական բրիգադի հերթապահ բուժքույր – 1.0 դրույք
2.2 Վիրաբուժական կաբինետի բուժքույր – 0.25 դրույք:

Բուժաշխատողի թափուր հաստիքի համար կարող է դիմել ցանկացած անձ, որը կբավարարի ստորև նշված պահանջներին.

I. պարտադիր պայմաններն են՝

1. բժիշկ-մասնագետների համար՝
ա) բարձրագույն և հետբուհական կրթության առկայություն համապատասխան մասնագիտությամբ,
բ) հինգ տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում` վերջին հինգ տարվա ընթացքում համապատասխան մասնագիտական կատարելագործման առկայություն,
գ) բժշկական էթիկայի կանոնների իմացություն,
2. միջին բուժանձնակազմի համար
ա) մասնագիտական կրթության առկայություն,
բ) հինգ տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում` վերջին հինգ տարվա ընթացքում համապատասխան մասնագիտական կատարելագործման առկայություն,
գ) բժշկական էթիկայի կանոնների իմացություն,

II. լրացուցիչ պայմաններն են՝

ա) համակարգչով աշխատելու ունակություն,
բ) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն,
գ) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
Դիմել կարող է գրական հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացին, ինչպես նաև այն օտարերկրյա քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետությունում ունեն կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ, աշխատանքի թույլտվություն և ում կրթական փաստաթղթերը սահմանված կարգով ճանաչվել են Հայաստանի Հանրապետության կողմից:

Թափուր տեղի համար դիմողի կողմից ներկայացվում է`
1) դիմում/լրացվում է տեղում,
2) մեկ լուսանկար 3x4 չափի,
3) տեղեկանք հիմնական աշխատանքի վայրից (համատեղությամբ աշխատանքի անցնելու դեպքում),
4) ինքնակենսագրություն,
5) անձնագրի, բարձրագույն և հետբուհական (ում բժշկական բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելու ժամանակահատվածում օրենսդրությամբ սահմանվել է հետբուհական կրթության պահանջ (ինտերնատուրա, կլինիկական օրդինատուրա)) մասնագիտական կրթության որակավորման աստիճանը հավաստող ավարտական փաստաթղթի (դիպլոմի), վերապատրաստման վկայականի (դրա առկայության դեպքում) պատճենները և բնօրինակները,
6) արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը,
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ` դիմումատուի ցանկությամբ,
8) օտարերկրյա քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ և աշխատանքի թույլտվություն:

Դիմումներն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր` «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի աշխատանքային խմբի կողմից ժամը 10.00-15.00-ը (Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, 2-դ փողոց, շենք 2, Կադրերի բաժին, 210 սենյակ), բացի շաբաթ և կիրակի օրերից: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2020 թվականի մարտի 6-ը: Կադրերի ընտրությունը տեղի կունենա 2020թ. մարտի 10-ին «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ- ում, ժամը 12:00-ին:
Քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի աշխատանքային խմբին (հեռ.` 0222 6-52-49): Միաժամանակ տեղեկացվում է, որ քաղաքացիների ներկայացված փաստաթղթերը հետ չեն վերադարձվում:


12.02.2020

ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՊԱՇՏՊԱՆՎԵՆՔ ՍԵԶՈՆԱՅԻՆ ԳՐԻՊԻՑ

ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ն հայտարարում է ընդունելություն հետևյալ թափուր հաստիքների համալրման համար.
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019թ. նոյեմբերի 6-ի №3248-Ա հրամանով պոլիկլինիկաներին հատկացվել են գրիպի դեմ պատվաստանյութեր՝ կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում պատվաստումներ կատարելու համար՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին՝ հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ, փակ կազմակերպություններում գտնվող անձինք՝ մանկատան սաներ և սպասարկող անձնակազմ, դպրոց-ինտերնատների աշակերտներ և սպասարկող անձնակազմ: Սակայն ազգաբնակչության այլ խմբերի համար ևս պատվաստումը հասանելի է (ռիսկի խմբերի պատվաստումներից հրաժարված անձանց հաշվին)։
Բյուրեղավան համայնքի հարգելի բնակիչներ, խնդրում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը մինչև փետրվարի 20-ը Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի իմուն.կանխարգելման կաբինետում պատվաստումների իրականացման համար՝ ընտանեկան բժիշկների կողմից հակացուցումների բացակայության պայմաններում:


10.02.2020

Կայքի քարտեզ

Էջերի ցանկ
Նավիգացիյա

Տեղափոխվել

Դիմել հարցով

Եթե առաջացել են հարցեր օգտվեք հետադարձ կապից

Տեղափոխվել